«Շողակաթ» Շաբաթօրեայ Հայկական Վարժարանի Տարեշրջանի Աւարտը
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Անցեալ տարի, Օգոստոսի 24ին, Գլենդելի Հայ Աւետարանական Եղբայրների եկեղեցում, յատուկ հանդիսութեամբ կատարուեց «Շողակաթ» շաբաթօրեայ հայկական մի նոր վարժարանի հիմնարկէքը։
Զարմանալի էր երեւոյթը. իրենց փակումը «աւետող» մի շարք սփիւռքեան խոշոր հայկական դպրոցների կողքին, մի քանի նուիրեալներ համարձակուել էին հոսանքի ուղղութիւնը փոխել եւ եկեղեցուն կից, շատ փոքրիկ խմբով, հիմնում էին հայոց լեզուի ուսուցման կենտրոն, արեւելահայերէն եւ արեւմտահայերէն ճիւղերով, ծրագրելով դպրոցի ընդարձակումն ու ընդլայնումը այլ մշակութային բաժինների միջոցով։
Յանդուգն էր որոշումը՝ կարօտ յամառ աշխատանքի, կամքի եւ յարատեւութեան։ Եւ միայն հայ լինելու եւ մնալու պատիւն ու նուիրումը կարող էին քաջալերել հիմնադիրներին, ուսուցիչներին եւ այդ առաքելութեանը հաւատացող ծնողներին։
2020ի Մայիսի 23ին, վարժարանը աւարտեց առաջին տարեշրջանը, իր յանդուգն որոշումը շարունակելով է՛լ աւելի դժուար պայմաններում. համաճարակի թելադրած արգելափակման պարտադրանքով ուսուցումն ընթացաւ առցանց։
Առցանց ընթացաւ վարժարանի կազմակերպած ապրիլեան Եղեռնի ոգեկոչման միջոցառումը, իսկ եկեղեցու կողմից կազմակերպուող Մայրերի օրուայ նուիրուած հանդիսութեան աշակերտների մասնակցութեան պատրաստութիւնը հնչեց առցանց դասընթացքների ժամանակ։
Ուսումնական տարեշրջանի ընթացքում աշակերտ-աշակերտուհիները լսեցին հայերէն խօսքը, սովորեցին այբուբենի տառերի մի մասը, փորձեցին կարդալ, գրել հայերէն, երգեցին, արտասանեցին հայերէն։ Այս գիտելիքներով զինուած, տարեշրջանի կէսին պատրաստեցին Նոր Տարուայ հանդէս եւ իւրացրած տառերը ցուցանակներով ներկայացրին իրենց ծնողներին։
Հիմնականում իրագործուել էր դրուած ծրագիրը, հակառակ կամքից անկախ ստեղծուած պայմաններին։
Ինչպիսին էլ լինեն գալիք օրերի դասաւորումները, դպրոցը պատրաստ է յարմարուելու իրավիճակներին եւ առաջիկայ ուսումնական տարեշրջանին սիրով հիւրընկալելու է իր աշակերտներին․ նաեւ պատրաստ է ընդունելու նոր աշակերտներ։
Յաւելեալ տեղեկութիւնների համար կարելի է զանգահարել (818) 254-8806 հեռախօսահամարով կամ այցելել «Շողակաթ» դպրոցի կայքը՝ http://shoghagat.org։
This article originally appeared May 26, 2020 on Asbarez.com